16/09/2010 15:03
Տ. Սարգսյան. Մրցակցությունից տուժում են փոքր տնտեսությունները
«Այս ագրոֆորումը էապես նպաստում է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, քանի որ մենք հնարավորություն ենք ունենում քննարկել կուտակված պրոբլեմները, ինչպես նաև ծանոթանալ լավագույն միջազգային փորձին: Նաև գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել, որ հրավիրում ենք երիտասարդ հետազոտողների ուշադրությունը գյուղատնտեսության զարգացման խնդիրների վրա և նրանք ներկայացնում են իրենց առաջարկները` հետաքրքրական, նորույթ պարունակող»,- այսօր «Ֆրութֆուլ Արմենիա» 6-րդ միջազգային համաժողովի պաշտոնական և հանդիսավոր բացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավելելով, որ այդ առաջարկությունները կխթանեն գյուղատնտեսությունում բարեփոխումները, նոր բիզնես ծրագրերի ներդրումը:
Անդրադառնալով համաժողովի օրակարգի թեմաներին, Տ. Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին խաղողագործության ոլորտում մեծածավալ մասնավոր ներդրումներ են կատարվել, ինչը թույլ է տալիս բարձրացնել արտադրանքի որակը, նաև նոր տեխնիկաների ներդրում խաղողագործության մեջ, գյուղատնտեսական հողատեսքերի խոշորացում: Սակայն, ըստ վարչապետի, այս ամենի արդյունքում ավելանում է մրցակցությունը, ինչի արդյունքում փոքր տնտեսությունները հայտնվում են ոչ բարենպաստ վիճակում: Որպես լուծում Տ. Սարգսյանը մատնանշեց փոքր տնտեսությունների միավորումը և կոոպերացիաների ստեղծումը:
Իր ելույթում Տ. Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ռազմավարական հայեցակարգի հիմնադրույթները։
Հիշեցնենք, որ «Ֆրութֆուլ Արմենիա» 6-րդ միջազգային համաժողովը նվիրված է Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին։ Համաժողովի շրջանակներում տեղի կունենա հայկական գինիների համտես-մրցույթ` աշխարհի հանրահայտ գինեգետներից մեկի` Միշել Ռոլանի մասնակցությամբ։