16/09/2010 16:30
Պետության օժանդակությունը անարդյունավե՞տ
Հայաստանում խաղողագործության զարգացումը նպաստում է գյուղացիների սոցիալական խնդիրների լուծմանը: Նման տեսակետ այսօր «Ֆրութֆուլ Արմենիա» 6-րդ միջազգային համաժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«2010 թ-ը պրոբլեմային տարի է գյուղատնտեսության համար` ունեցանք մեծ կորուստներ կլիմայական պայմանների պատճառով: Չնայած դրան, խաղողագործության ոլորտում կունենանք աճ, որը պայմանավորված է վերջին տարիներին մեծ ներդրումների կատարմամբ»,- ասաց վարչապետը:
Խոսելով գինեգործության խնդիրների մասին` Տ. Սարգսյանը կարևորեց որակյալ խաղողի մշակման, բարձրորակ գինու արտադրության ու արտահանման և վաճառքի ճիշտ կազմակերպման միջոցով հայկական գինու ճանաչելի ապրանքանիշի` բրենդի ստեղծման հնարավորությունը. «Պետք է մտածենք, թե ինչպես ենք մեր տեղը զբաղեցնելու միջազգային շուկայում»: Ըստ վարչապետի, գինեգործական ընկերությունները պետք է միավորվեն, ստեղծեն ասոցիացիա, և «այդ դեպքում պետությունը պատրաստ կլինի նրանց օգնելու»:
Տ. Սարգսյանի խոսքով, հարկավոր է սեղանի խաղողը դարձնել «արտահանելի»: Կառավարության ղեկավարը գտնում է, որ դրան կնպաստի Զվարթնոց օդանավակայանի տարածքում լոգիստիկ կենտրոնի ստեղծումը:
«Գյուղատնտեսության մեր հիմնական պրոբլեմը նրանում է, որ արտադրությունից մինչև իրացում շղթան կառուցված չէ»,- փաստեց վարչապետը. «Պետության օժանդակությունը մշտապես ուղղված է եղել փոքր գյուղացիական տնտեսություններին, ինչը ցուցադրել է իր անարդյունավետությունը, որովհետև եթե գյուղացին ստանում է ֆինանսական օժանդակություն, ստանում է արտադրանք և չի կարողանում այն իրացնել, նշանակում է, որ մենք ամենևին էլ չենք օգնում գյուղատնտեսության շուկայի կայացմանը»: Ըստ այդմ, ավելանում է գյուղացու կախվածությունը պետության ֆինանսական օժանդակությունից:
Վարչապետն ընդգծեց, որ եթե հաջողվի իրականացնել Տնտեսական ազատ գոտու ծրագիրը և գյուղատնտեսական մթերքներն իրացնել արտասահմանում, ապա կբարձրանա նաև դրանց գինը, ինչն էլ լուրջ ազդակ կհանդիսանա ֆերմերների համար, թե ինչպիսի պահանջների պետք է համապատասխանեն: