16/09/2010 10:56
ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Սեպտեմբերի 15-ին պաշտոնական այցով Թեհրան մեկնած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքիի հետ։
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ պատմության ընթացքում երկու հարևան երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները օրեցօր ավելի են ամրապնդվում։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը` քաղաքական, տնտեսական, ապակենտրոնացված ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, հատկապես` էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում:
Զրուցակիցները վերահաստատել են փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը` նշելով, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հաճախակիությունը նպաստում է համագործակցության առավել ամրապնդմանը:
Նախարարներն անդրադարձել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որը կարևոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման գործում:
Մշակութային փոխանակումների ենթատեքստում կարևորվել է փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը, նախարարները մտքեր են փոխանակեցին զբոսաշրջության խթանման ուղիների շուրջ:
Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի: Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդման, խնդիրների բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների և երկխոսության միջոցով լուծման օգտին:
Մանուչեր Մոթաքիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների ընթացքը` կարևորելով Իրանի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը այդ հարցում:
Իրանի արտգործնախարարը իր հայաստանյան պաշտոնակցին տեղեկացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած զարգացումներին, դրա վերաբերյալ միջազգային հանրության հետ ընթացող բանակցություններին: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ուշադրությամբ հետևում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և հուսով է, որ Իրանն ու միջազգային հանրությունը համատեղ ջանքերով կարող են գալ փոխադարձ ընդունելի լուծմանը:
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ ասուլիս, որից հետո քննարկումները շարունակվեցին աշխատանքային ճաշի ձևաչափով: