16/09/2010 12:58
Ալիևը շարունակում է աչքի ընկնել տգետ հայտարարություններով
«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի սուլթանի շրջապատում գրագետ մարդիկ կլինեն, ովքեր վերջինիս խորհուրդ կտան հիմարություններով չզբաղվել՝ իրեն ու իր ժողովրդին անհարմար դրության մեջ չգցել: Չնայած, կարծես թե Ալիևը որևէ մեկի խորհուրդը չի ընդունում և շարունակում է աչքի ընկնել իր տգետ հայտարարություններով»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիայում հնչեցրած հայտարարությանը՝ Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել էր, թե Ղարաբաղն Ադրբեջանի պատմական տարածքն է և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Վերջինս նաև նշել էր, թե հայերը տարիներ շարունակ ոչնչացրել են ադրբեջանցիների պատմական և կրոնական հուշարձանները:
«Ծիծաղելի է հնչում Ալիևի այն հայտարարությունը, թե Արցախը պատմական Ադրբեջանի տարածքն է եղել: Շատ ճանապարհորդել սիրող Ալիևին ես ժամանակին խորհուրդ եմ տվել այցելել Հռոմի Ֆոռում հրապարակ և ուսումնասիրել Հին աշխարհի քարտեզը, որտեղ նա անպայման կտեսներ, թե Հայաստան (Armenia) անվանման տակ ինչ տարածքներ են ընդգրկված: Եթե նա «չգիտի», ապա ես նրան մեկ անգամ ևս կհիշեցնեմ, որ դրանից ավելի քան 2 հազար տարի հետո նոր միայն առաջացել է Ադրբեջան կոչվող արհեստական պետությունը: Ինչքան որ Կոնստանդնուպոլիսն են թուրքերը ստեղծել, այնքան էլ Արցախն ադրբեջանական տարածք է եղել. կարծում եմ, որ սրանով ամեն ինչ ասված է»,- ասաց խորհրդարանականը:
Ինչ վերաբերում է տարածքային ամբողաջականությանը, ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ Ադրբեջանի նախագահը իրեն բնորոշ «բութ համառությամբ շարունակում է բարբաջել» տարածքային ամբողջականության վերաբերյալ: «Դրա համար լավ կլիներ, որ նա ծանոթանար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որտեղ մասնավորապես նշվում է, որ մեկ սկզբունքը չի կարող գերակա լինել մյուս սկզբունքի նկատմամբ: Նման հայտարարություններ անելուց առաջ, թող ուշադիր կարդա այդ հայտարարությունները: Էլ չեմ ասում, որ ԼՂ-ն ոչ մի օր, ոչ մի ժամ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Խոսել տարածքային ամբողջականության մասին ու նկատի ունենալ Արցախը, առնվազն անհեթեթություն է: Արցախն ավելի շուտ է ԽՍՀՄ-ից անկախացել, քան նույն Ադրբեջանը»,- ասաց Է. Շարմազանովը:
Այնուհետև պատգամավորը զարմանքով նշեց. «Ո՞վ է խոսում պատմական և կրոնական հուշարձանների ոչնչացումից: Ալիևը հաջողությամբ դասեր է առել Նացիստական Գերմանիայի գաղափարական հայր դոկտոր Գեբելսից. եթե ուզում ես քո ստին հավատան, ավելի մեծ սուտ հորինի: Փորձելով զերծ մնալ հայերի բազմահազարամյա մշակույթի հազարավոր հուշարձանների ոչնչացման մեղադրանքից, ինքն է փորձում հարձակման անցնել: Այստեղ միայն մեկ օրինակը բավական է՝ լռեցնելու ադրբեջանցիներին. Հին Ջուղայի խաչքարերի պատմությունը, որտեղ վանդալ ադրբեջանցիները ոչնչացրեցին բոլոր խաչքարերը և այն, ինչ հիշեցնում էր հայերին: Դա խոսում է նաև ադրբեջանցիների քաղաքական և մշակութային մակարդակի մասին: Դա ինձ հիշեցնում է վանդալների կողմից Հռոմի նվաճումը, որի ժամանակ, բարբարոսները, չհասկանալով թե ինչ է քաղաքակրթությունը, նմանատիպ ավերիչ գործողությունների գնացին: Սակայն ի տարբերություն այդ վանդալների, նույն արարքն Ադրբեջանը թույլ տվեց 21-րդ դարում»: