16/09/2010 09:38
Հայ փախստականների վերադարձը` բանակցությունների մաս
Ադրբեջանից բռնագաղթի ենթարկված հայ փախստականների` իրենց նախկին բնակության վայր վերադառնալու հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների մաս է կազմում: Այս փաստն նախօրեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաստատել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչ Չինգիզ Ասկարովը:
Պատասխանելով ՄԻԵԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հարցին` արդյոք հայ փախստականների վերադարձի հարցը ներառվա՞ծ է բանակցային գործընթացում, Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը դրական պատասխան է տվել:
Ի դեպ, այս հարցի հնչեցումից հետո դատարանում զավեշտալի փաստ է գրանցվել: Ալվինա Գյուլումյանի հարցից հետո Ադրբեջանի վարձկան փաստաբանների թիմում իրարանցում է սկսվել, և այդ պահին խոսող փաստաբաններից մեկը թեքվել է դեպի Չինգիզ Ասգարովը` խորհրդակցելու համար: Մի քանի րոպե դատարանում տիրած լռությունից հետո հնչել է փաստաբանի կցկտուր խոսքը, սակայն Չինգիզ Ասգարովը ընդհատել է նրան ու փորձել ինքնուրույն պարզաբանել:
Նա նախ ընդունել է, որ հայ փախստականներն իրավունք ունեն վերադառնալու, ապա հաստատել, որ այդ հարցը մաս է կազմում ներկայումս ընթացող բանակցությունների: Բայց ադրբեջանցի պաշտոնյան զավեշտալի մեկնաբանություն է արել` նշելով, թե քանի որ Հայաստանը պահանջում է նախ միջազգայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ապա անդրադառնալ փախստականների վերադարձի խնդրին, ուստի իրենք առաջարկում են, որ սկզբում վերադառնան ադրբեջանցի փախստականները, իսկ մնացած բոլոր հարցերը քննարկվեն հետագայում: