16/09/2010 09:30
ՄԻԵԴ Մեծ պալատը լսեց «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը
«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի դիմումատուն` ԼՂՀ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը, 2006 թվականին հանձնված գանգատով, ներկայացնելով հայրենի գյուղից հարկադրաբար հեռանալու հանգամանքները և տեղեկացնելով հայրենի տուն վերադառնալու իր պահանջն Ադրբեջանի կողմից մերժելու մասին, վիճարկել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանության իրավունք), 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումները: Սարգսյանը փաստարկել է նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում), ինչպես նաև` 8-րդ և 9-րդ հոդվածների (կրոնի ազատություն) խախտումը:
Փաստաբան Նարինե Գասպարյանը, դատական լսումներից հետո, հայտնեց, որ իրենց գործի առնչությամբ դատարանը, հիմնականում, հետաքրքրվել է Գյուլիստանում Ադրբեջանի իրավազորության և գանգատը ներկայացնելու ժամկետների մասին:
Լսումների ընթացքում բարձրացվել է Գյուլիստան գյուղի նկատմամբ Ադրբեջանի արդյունավետ վերահսկողության հարցը, սակայն պատասխանող կողմը` ի դեմս Ադրբեջանի շահերի պաշտպանների, չի կարողացել հիմնավորված հերքում տալ:
Ինչ վերաբերում է գանգատը ներկայացնելու ժամկետներին, ապա դիմումատուի փաստաբանները պարզաբանեցին, որ իր իրավունքի շարունակական ոտնահարման պարագայում Մինաս Սարգսյանը 2006 թվականին է դիմել ՄԻԵԴ այն պատճառով, որ այդ ժամանակ պաշտոնական հայտարարություն է հնչել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի տապալման մասին և դիմումատուն հայրենի տուն վերադառնալու հեռանկար այլևս չի տեսել: