17/09/2010 11:04
Ա. Գևորգյանը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Այցի շրջանակում տեղի է ունեցել Արմեն Գևորգյանի հանդիպումը ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի հետ: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ տարածքային կառավարման և ՌԴ տարածքային զարգացման նախարարությունների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է, որ մեծ նշանակություն է տրվում միջռեգիոնալ մակարդակով համագործակցության խորացմանը և այդ ձևաչափը համարվում է արդյունավետ` վերականգնելու նախկինում եղած տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում հարաբերությունները, ինչպես նաև հաստատելու նոր փոխշահավետ կապեր:
Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են 2011թ. առաջին եռամսյակում Հայաստանում համաժողովի անցկացման հնարավորությանը, որի ընթացքում ՌԴ նահանգապետերն ու ՀՀ մարզպետները կարող են քննարկել փոխգործակցության խորացման հեռանկարները:
Անդրադարձ է եղել նաև ԱՊՀ միջռեգիոնալ և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի գործունեության ընդլայնման հնարավորությանը: Մասնավորապես քննարկվել են ԱՊՀ միջռեգիոնալ և մերձսահմանային համագործակցության հայեցակարգի վերաբերյալ հայկական կողմի նկատառումները, ըստ որոնց առաջարկվում է շեշտը դնել միջռեգիոնալ համագործակցության վրա, ինչը հնարավորություն կտա անկախ ընդհանուր սահմանի առկայությունից՝ միջռեգիոնալ մակարդակով հարաբերություններ հաստատել ու խորացնել ԱՊՀ երկրների հետ:
Զրուցակիցները քննարկել են նաև բնակարանային ֆոնդի կառավարաման հարցում գործակցության հարցեր: Նշվել է, որ այդ ոլորտում երկու երկրների փորձի համադրումը օգտակար կլինի նախատեսվող բարեփոխումների համար:
Ա. Գևորգյանը Ռուսաստանի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան` այցը կարևորելով երկկողմ համագործակցության խթանման տեսանկյունից:
Այսօր ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Ա. Գևորգյանը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական` 47-րդ նիստի աշխատանքներին: