17/09/2010 15:28
Ջավախքում վրացերենի ուսուցումն արվում է հայերենի հաշվին
Ջավախքում խնդիրները շատ են, սակայն այսօր այն շատ դժվար օրեր է ապրում, հատկապես կրթական ոլորտում: Այսօր Վրաստանում «դե յուրե» հայկական դպրոցներ գոյություն չունեն, սակայն ամեն ինչ արվում է, որպեսզի ազգային դպրոցը պահպանվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վրաստանում գործող Վիրք կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը:
Նա նշեց, որ դպրոցներում արդեն իսկ վրացերենի ուսուցումն արվում է հայերենի հաշվին. « Նախկինում, եթե առաջին դասարանում հայերենի դասաժամերը 8-ն էին, իսկ վրացերենը` 3, ապա այժմ դրանք համահավասար են դարձել: Եվ դպրոցում դասավանդումը դառնում է երկլեզու` հայերանի հաշվին: Դպրոցը «դե ֆակտո» դառնում է վրացական»,- ասաց Դ. Ռստակյանը:
Նա կարծում է, որ «վրաց իշխանության նպատակը ոչ թե ջվախահայերին վրացերեն սովորեցնելն է, այլ` աստիճանաբար վրացականացնելը»:
«Ջավախքում քաղաքացիական իշխանությունը չի զբաղվում ջավախահայի խնդիրներով, այլ դրանով զբաղվում և հետաքրքրվում է ազգային անվտանգությունը»,- ընդգծեց Ռստակյանը: