17/09/2010 11:43
Ադրբեջանի աղմուկը հենց իրենց թողեց ոչ շահեկան վիճակում
ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն «Ազգ» օրաթրթին տված հարցազրույցում անդրադարձել է ՄԱԿ ԳԱ-ում ադրբեջանական կողմի բանաձևի հետաձգման փաստին` որպես ԵԱՀԿ համանախագահների ճնշման արդյունք, ասել է. «Խոսքն այստեղ ոչ թե բանաձևի նախագծի քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաջորդ նստաշրջան տեղափոխելու մասին է, այլ` քննարկումից ընդհանրապես հանելու: Խոսքը ոչ թե բանաձևի, այլ օրակարգի կետի 65-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին է: ՄԱԿ-ում բանաձևի նախագծի հետաձգում մեկ այլ նստաշրջանի հնարավոր չէ: Տվյալ նախագիծը քվեարկության չդրվելու պարագայում համապատասխան նստաշրջանի ավարտից հետո այլևս դադարում է գոյություն ունենալ»:
Հարցին, թե` «ՄԱԿ-ում նման իրավիճակի ստեղծումը Հայաստանի արտաքին քաղաքականության պարտվողականության արդյունք է», ասել է. «Կարծում եմ` սխալ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ինչ-որ նախագծի անցնել-չանցնելը կապել արտաքին քաղաքական հաջողության կամ անհաջողության հետ: Նախ, ցանկացած երկիր իրավունք ունի բանաձևի նախագիծ ներկայացնել: Այլ խնդիր է, թե նշյալ նախաձեռնությունը որքանով է սատարվում մյուս պետությունների կողմից, և որքանով է այն առաջ մղում միջազգային գործընթացները… Արտաքին քաղաքական հաջողությունները, կարծում եմ, պետք է գնահատել արդյունքով, այլ ոչ թե աղմկահարությամբ: Եվ կոնկրետ այս դեպքում ճիշտ հակառակն էր. ադրբեջանցիների հանած աղմուկի պարագայում հենց իրենք էին հայտնվել ոչ շահեկան վիճակում»: