17/09/2010 15:00
«Հայփոստ»-ն ընդլայնում է իր ծառայությունները
«Հայփոստ»-ն ընդլայնում է իր ծառայությունները` այսուհետ, բացի ավանդական փոստային և սուրհանդակային ծառայություններից, ընկերության բաժանմունքներում կմատուցվեն փոստբանկային ծառայություններ, կներմուծվեն նոր էլեկտրոնային ծառայություններ, ինչպես նաև կարդիականացվի ողջ համակարգը, կստեղծվի նոր լոգիստիկ կենտրոն: Այս հարցում «Հայփոստ»-ին ուղղորդելու է Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «Լա Փոստ»-ը: Այսօր ասուլիսում «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը տեղեկացրեց, որ ընկերությունների միջև համալիր համագործակցության պայմանագիրը կնքվել է 2010 թ. մայիսին:
«Ֆիքսված ենք զարգացնել շրջանների բաժանմունքները»,- նշեց Գեչիջյանը:
Առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսվում է վերանորոգել և վերազինել «Հայփոստ»-ի 250 բաժանմունքներ, որոնցից մոտ 190-ը մարզերում: Այդ նպատակով կծախսվի շուրջ 4 մլրդ դրամ: Նորացված բաժանմունքներում Կոնվերսբանկի կողմից կմատուցվեն փոստբանկային ծառայություններ` ավանդային, բանկային հաշիվներ, հատուկ առաջարկներ կլինեն թոշակառուների և մանուկների համար, արտարժութային փոխանակում և այլն: Հետագայում կտրամադրվեն նաև վարկեր գյուղերում միկրո բիզնեսների, ՓՄՁ-ների համար:
Բեռների սորտավորման լոգիստիկ կենտրոնը նախատեսվում է տեղակայել Զվարթնոց օդանավակայանի տարածքում: Արդի տեխնոլոգիաներով զինված կենտրոնը թույլ կտա ավելի արագ և արդյունավետ մշակել ծանրոցները:
«Լա Փոստ» խմբի միջազգային տնօրեն Ժան Պոլ ֆորսեվիլի բնորոշմամբ, երկու ընկերությունների համագործակցությունը կոոպերացիայի շատ հետաքրքիր ձև է. ««Հայփոստ»-ը պետք է դառնա ճանաչված և ընդունված դերակատար տարածաշրջանում: «Լա Փոստ»-ը պետք է օգնի մոդեռնիզացիայի աշխատանքներում, պետք է ներդնել լավագույն տեխնոլոգիաները, նոր գործիքների կիրառություն և բարձրացնել աշխատակիցների ունակությունները»: