17/09/2010 13:59
ԱԳ նախարար. ՀՀ-ն չի կարող ճանաչել Կոսովոն ԼՂՀ-ից առաջ
Հայաստանը դեռ չի շտապում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի դեռ գործընթացը շարունակվում է և հույս կա, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` «Սեգոդնյա» ուկրաինական պարբերականին տված հարցազրույցում:
Հարցին, թե կճանաչի՞ արդյոք պաշտոնական Երևանը Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Մենք մինչ օրս չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղը, իսկ Լեռնային Ղարաբաղը չճանաչելով` չենք կարող ճանաչել, օրինակ, Կոսովոն, որը իրավունք ունի անկախ լինելու, բայց ոչ ավելի շատ, քան Ղարաբաղը: Նույնը մնացած այլ կազմավորումները, որոնք ճանաչված են քիչ կամ շատ թվով պետությունների կողմից, բայց ճանաչված չեն ամբողջ միջազգային հանրության կողմից»։
«Եթե բանակցային գործընթացը անարդյունք լինի և Ադրբեջանի ամենօրյա սպառնալիքները հանգեցնեն տապալման, ապա, իհարկե, այլ քայլեր ձեռնարկելու կարիք կլինի», - ասել է Է.Նալբանդյանը: