17/09/2010 10:48
ՀՀ նախագահ. Սպասում ենք, երբ Թուրքիան քաղաքական կամք կդրսևորի
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանների բացումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին ու Թուրքիային, այլ նաև Վրաստանին, Ադրբեջանին ու մեր ամբողջ տարածաշրջանին: Այդ մաիսն «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Իսկապես, դա իմ կյանքի ամենադժվար քայլերից մեկն է եղել, բայց ես գիտակցված եմ գնացել այդ քայլին: Այո', թուրքերն իրականացրել են ցեղասպանություն: Այո', նրանք մեզանից խլել են կենսական կարևորության տարածքներ: Այո', նրանք այդ հանցագործությունը կատարելուց հետո հարյուր տարի ժխտել են դա: Իսկ հանցագործության ժխտումը, միգուցե, ավելի վատ հանցագործություն է: Բայց, մյուս կողմից, ժամանակակից աշխարհում գրեթե չկան պետություններ, որոնք պատմական խնդիրներ, չլուծված հարցեր չունենան միմյանց հետ փոխհարաբերություններում: Նման մարտահրավերներին քաղաքակիրթ պատասխանը առանց նախապայմանների լայնածավալ համագործակցությունն է: Ուստի, ես սխալ էի համարում նեղացածի, տուժածի կեցվածք ընդունելը և սպասելը մինչև թուրքերն իրենք ընդունեն ցեղասպանությունը, հետո նոր միայն վերականգնել հարաբերությունները»,-ասել է ՀՀ նախագահը:
Երկրի ղեկավարը նշել է, որ իր այս մոտեցումը հայ հասարակության կողմից միանշանակ չընդունվեց, առավել ևս` Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայերի կողմից: «Եվ դա հասկանալի է. մեր ժողովուրդը զգացմունքային է, այդ տարիներին յուրաքանչյուր հայ ընտանիք տուժել է: Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր երբեմն փողոց էին դուրս գալիս, որպեսզի, շատ դեպքերում` ոչ հաճելի բառերով, իրենց բողոքն արտահայտեն Թուրքիայի հետ հաշտեցման քաղաքականության դեմ: Բայց ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը, վերջիվերջո, ընկալեց այդ գաղափարը: Կարծում եմ` հիմա շատ քիչ մարդիկ են մտածում, որ մենք սխալ ենք եղել»,- ասել է Հանրապետության ղեկավարը:
«Մեր նախաձեռնությունը թելադրված էր սթափ բանականությամբ և ամենևին չէր հակասում մեր ազգային շահերին: Թուրքերի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու մեր ցանկությունը որևէ կերպ չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, կամ ինչ-որ զիջումների ենք գնում: Որպեսզի թուրքերն ընդունեն ցեղասպանությունը, փորձվել են գրեթե բոլոր ուղիները` բացի ոչ թե բախումների, այլ այդ ժամանակների ողբերգությունը թուրք հասարակությանը բացատրելու ուղուց: Այս գործընթացն սկսելուց հետո թուրք հասարակության մեջ սկիզբ առան գործընթացներ, որոնք միգուցե շատերի համար անսպասելի էին. Թուրքիայի մեծ քաղաքներում երիտասարդները դուրս էին գալիս և խոսում ցեղասպանության մասին:
Մեր հարաբերություններն այս անգամ չկարգավորվեցին: Երկկողմ հայտնի արձանագրությունները ստորագրելուց հետո, թուրքական կողմը հրաժարվեց վավերացնել դրանք ԱԺ-ում: Հիմա մենք սպասում ենք, թե երբ Թուրքիայում կհայտնվի քաղաքական ուժ կամ կհայտնվեն քաղաքական առաջնորդներ, ովքեր պատրաստ կլինեն քաղաքական կամք դրսևորել»,- նշել է Սերժ Սարգսյանը: