17/09/2010 10:52
Ս.Սարգսյան. «Վատ խաղաղությունը լավ է, քան ցանկացած պատերազմ»
«Շատ ավելի լավ է ցանկացած վատ խաղաղություն, քան ցանկացած պատերազմ: Եթե կան բանակցություններ, նշանակում է, որ կա վերջնական արդյունքների հասնելու հնարավորություն: Հայկական կողմերի դիրքորոշումը, նկատի ունեմ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, շատ պարզ է: Այն հիմնված է օրենքի, միջազգայի իրավունքի գերակայության վրա: Ղարաբաղը Ադրբեջանի կազմ է ներառվել 1921թ. կոմունիստական կուսակցության մարմինների որոշմամբ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք համաձայն չի եղել նման որոշման հետ: 1988թ. սկսվել է ղարաբաղյան շարժումը, իսկ հետո, հանրաքվեի անցկացման միջոցով, Լեռնային Ղարաբաղը միակողմանիության կարգով ինքնորոշվել է», - «Պրոֆիլ» ամսագրին հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Նույնիսկ, եթե մինչև վերջերս որևէ մեկը խոսում էր այն մասին, թե ազգերի ինքնորոշման իրավունքը հակասում է մյուս հիմնարար իրավունքին` տարածքային ամբողջականությանը, ապա Հաագայի դատարանի` Կոսովոյի կողմից անկախության միակողմանի հռչակումը միջազգային իրավունքին չհակասելու մասին որոշումից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ: Հենց դրա համար էլ այս տարի Ալմաթիում կայացած ԵԱՀԿ նիստում հստակ հայտարարվեց, որ երեք սկզբունքները (դրանք ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքներն են), որոնց հիման վրա մենք անցկացնում ենք բանակցությունները, հավասար են»,- ասել է նա:
«Մենք շատ մեծ հույս ունենք, որ ի վերջո կհանգենք վերջնական արդար լուծման: Եթե մենք ելնեինք այն բանից, որ լուծում չկա, մեզ և առաջին հերթին` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար շատ դժվար կլիներ ապրել»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը: