17/09/2010 12:32
Քըլըչդարօղլու. Մենք ուզում ենք հայերի հետ շատ լավ կապեր հաստատել
Թուրքիայի խորհրդարանական ամենամեծ ընդդիմություն կազմող քաղաքական ու ուժի ղեկավար, «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ելույթով հանդես գալով «Եվրաքաղաքականության կենտրոն» ինստիտուտում, սուր քննադատություններ է հնչեցրել Էրդողանի կառավարության հասցեին: Նա դժկամությամբ է արտահայտվել սեպտեմբերի 12-ի հանրաքվեով հաստատված նոր սահմանադրության մասին` վստահություն հայտնելով, որ ԵՄ անդամ ոչ մի պետություն այդտեսակ սահմանադրության օգտին երբեք չէր քվեարկի:
Թուրքական ընդդիմության առաջնորդին հարց է հղվել նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Ըստ «ԲեյազԳազեթե» (BeyazGazete) տեղեկատվական կայքի` Քըլըչդարօղլուն այդ առնչությամբ ասել է. «Մենք նպատակ ունենք բոլոր հարևանների հետ խաղաղ բարիդրացիության մեջ ապրել: Ինչպես Մուստաֆա Քեմալն էր ասում. «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում»: Մենք կամենում ենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ հաստատել: Երկու կողմերն էլ թող բացեն արխիվները: Մենք դա արել ենք: Պատմաբանները թող մեկտեղվեն ու հետազոտեն այդ խնդիրը: Անցյալում տեղի ունեցած լուրջ դրամատիկ իրադարձությունների մասին մենք էլ ենք տեղեկացված, բայց դրանք չպետք է վերածվեն քեն ու վրեժի: Հարկադրված ենք գալիք սերունդներին գեղեցիկ աշխարհ ավանդել: Անցյալի ցավերն ապագա տեղափոխելը ոչ մի հասարակության օգուտ չի բերի»:
Նշենք, որ Քըլըչդարօղլուի ազգային պատկանելության մասին հակասական տեղեկություններ են շրջանառվում: Ըստ որոշ աղբյուրների` նրա մայրը հայուհի է: