19/09/2010 12:03
Ծիծեռնակաբերդում պատարագ է և բողոքի ցույց
1915 թ.-ի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում` Ծիծեռնակաբերդում բազմահազարանոց հանրահավաք է` ընդդեմ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ տաճարի շուրջ թուրքական կառավարության կողմից ձեռնարկվող քարոզչական գործողությունների:
Ցույցի մասնակիցները` հիմնականում երիտասարդությունը, բողոք են արտահայտում ընդդեմ թուրքական իշխանությունների ձեռնարկած «շոուի», միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ Թուրքիան նախաձեռնել է պատարագ հայկական եկեղեցում` թույլ չտալով տեղադրել խաչը: Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների` թուրքական իշխանությունները փորձում են հաճոյանալ եվրոպական երկրների առջև, ցույց տալով, իբր տոլերանտ վերաբերմունք են ցուցաբերում ազգային փոքրամասնությունների նկատմամբ, սակայն իրականում փորձում են քաղաքական դիվիդենտներ ստանալ:
Այս պահին ընթանում է Սբ. պատարագ` 1915 թ.-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, որը վերանորոգվել էր 2007թ. և գործում է որպես թանգարան, այսօր բացվում է կրոնական արարողությունների համար՝ Վանի նահանգապետի և Հայ առաքելական եկեղեցու Պոլսի պատրիարքարանի նախաձեռնությամբ: Երկարատև գործընթացից հետո թուրքական կառավարության թույլտվությամբ` այսուհետև հայկական այդ եկեղեցում տարեկան մեկ անգամ կրոնական արարողություն է կատարվելու:
Թուրքական կողմը մինչ այդ վստահեցնում էր, որ եկեղեցու գմբեթին խաչ է տեղադրվելու, սակայն դրժեց խոստումը` հայտարարելով, թե խաչի տեղադրումը «կարող է վնասել եկեղեցու գմբեթը»:
Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որն ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի ցուցաբերեր երկու ներկայացուցիչներով, առկախել է մասնակցությունը Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող պատարագի արարողությանը։
Տեսանյութը` http://aysor.am/am/video/WtoaVKXP8b4/