19/09/2010 12:52
«Ոչ մի ուժ չի կարող մեզ օտարել մեր մշակութային ժառանգությունից»
«Այսօր Հայաստանի երկու տարբեր հատվածներում պատարագ է մատուցվում, մեկը` թուրքական կառավարության կողմից կատարվող ձեռնածություն է հայկական ճարտարապետության գոհար Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, իսկ երկրորդը տեղի է ունենում այստեղ` Ծիծեռնակաբերդում: Սա հանրահավաք է ու նաև հոգեհանգիստ»,- 1915-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ դեռևս ընթացող հանրահավաքի ու մատուցվող պատարագի մասին ասաց ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Հիշեցնենք, որ այս պահին հուշահամալիր մոտ անցկացվում է հանրահավաք, որի շրջանակում մատուցվեց նաև պատարագ: Հանրահավաքի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում թուրքական իշխանությունների` Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը չտեղադրելու և եկեղեցին որպես քարոզչության միջոց օգտագործելու դեմ:
«Ամոթ, ամոթ» վանկարկում են մասնակիցներն ու ծաղիկներ դնում անմեղ զոհերի հիշտակը հավերժացնող անմար կրակի շուրջ:
«Ես պատահական չասացի Հայաստանի տարբեր հատվածներ, մենք մեր հայրենիքը չենք տարբերակում մասերի, դա օտարների խնդիրն է, որ չի հասկանում, թե ինչու ենք բողոքում ու պահանջում: Օտարի խնդիրը մեծ է, քանի որ նա չի պատկերացնում, որ միջազգային պարտավորություններ ունի, որոնք ասում են, որ Թուրքիան պետք է հարգի քրիստոնյաների մշակութային արժեքներն իր տարածքում և տա այն ժողովրդին ու համայնքին, որին պատկանում է: Սակայն այսօր Թուրքիան հայկական մշակութային ժառանգությունը վերածում է քարոզչական միջոցի»,- ասել է Դեմոյանը:
Նրա խոսքով, դա երբևէ ընդունելի չի լինի հայ ժողովրդի համար, և բողոքի այդ ակցիան միաժամանկ ուղերձ է թե թուրք հասարակությանն ու իշխանություններին, և թե միջազգային հանրությանը:
«Ոչ մի ուժ չի կարող մեզ օտարել մեր մշակութային ժառանգությունից»,- ասել է Դեմոյանը, ապա ավելացրել, որ այսպիսով հայ ժողովուրդն արժանավայել ձևով իր պահանջն է ներկայացնում միջազգային հանրությանը: