19/09/2010 13:28
Կ.Մանոյան. «Պատարագ պետք է մատուցվի տարվա բոլոր` 365 օրերին»
Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ անցկացվող բազամահազարանոց հանրահավաքին ներկա գտնվող ՀՅԴ հայ դատի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը արձանագրեց, որ թուրքական իշխանությունները վերականգնելով եկեղեցին, վերածեցին այն թանգարանի, թույլ տալով պատարագ մատուցել տարին մեկ անգամ:
«Մեր բողոքն ուղղված է առ այն, որ հայկական եկեղեցում պատարագ պետք է մատուցվի տարվա բոլոր` 365 օրերին»,- ասաց նա լրագրողներին:
Հանրահավաքի մասնակիցները, որոնք մեծամասնությամբ երիտասարդներն են, քննադատական ու ամոթանքի խոսքեր են հնչեցնում թուրքական իշխանությունների հասցեին:
Ինչպես նշեց Կիրո Մանոյանը, թուրքերը Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցու խնդիրը վերածեցին «խաչ դնել-չդնելու հարցի», որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղեն խնդրի բուն էությունից` հայկական եկեղեցին հայ համայնքին հանձնելու միջազգային պարտավորության չկատարումից:
Խոսելով Սուրբ Խաչում կատարվելիք արարողության վերաբերյալ օտար մամուլի հրապարակումների մասին, Մանոյանը նշեց, որ չնայած Թուրքիան դա ցանկանում էր ներկայացնել որպես հայ ժողովրդի նկատմամբ բարի կամքի դրսևորում, սակայն մամուլը բավականին օբյեկտիվ գնահատական է տալիս թուրքական կառավարության քաղաքականությանը:
«Եթե սկզբում միջազգային մամուլի կողմից դա ներկայացվում էր որպես թուրքական իշխանության կողմից բարի կամքի դրսևորում, ապա հետագայում մամուլը հասկացավ, որ խնդիրը միջազգային պարտավորություններից խուսափելու մեջ է»,-ասաց Մանոյանը:
ՀՅԴ գործիչը փաստեց, որ 1923 թ. Լոզանի պայմանագիրը հստակ նշում է, որ ոչ միայն պետք է պահպանվի քրիստոնյա համայնքների մշակութային ժառանգությունը, այլև այն պետք է հանձնվի քրիստոնյանների, ինչը, փաստացի, Թուրքիայի կողմից չի արվել: