20/09/2010 12:27
Կրամնիկ. «Հայաստանն ավանդաբար ուժեղ է»
Աշխարհի շախմատի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը պատմել է Խանտի Մանսիյսկում այսօր մեկնարկելիք համաշխարհային շախմատային Օլիմպիադայի մասին:
«Մենք միայն հաղթանակի ենք ձգտում,- ասել է Կրամնիկը «Սպորտ Էքսպրեսի» թղթակցին:- Դա անձամբ ինձ համար նույնպես շատ կարևոր է, որովհետև ժամանակակից շախմատի չափանիշներով ես արդեն տարեց խաղացող եմ և չգիտեմ, թե էլ քանի Օլիմպիադայի մասնակցելու հնարավորություն կունենամ: Հենց այդ պատճառով հիմա շատ եմ ուզում հաղթել: Իսկ եթե իրավիճակն օբյեկտիվորեն քննարկենք, ինքներս մեզ պետք է հաշիվ տանք, որ մեր մրցակիցները շատ ուժեղ են: Ուկրաինայի ընտրանին վերջապես հավաքվել է լավագույն կազմով և վարկանշով գրեթե հավասար է մեզ: Այնպես որ, մենք մեծ առավելություն չունենք:
Ժամանակակից շախմատում մեծ առավելության մասին խոսելն անիմաստ է: Ավանդաբար ուժեղ է Հայաստանի հավաքականը: Չինատանի ազգային թիմը նույնպես վերելք է ապրում: Մի խոսքով` շատ դժվար է լինելու: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մենք անպայման հաղթելու ենք: Ամենայն հավանականությամբ` ամեն ինչ կախված կլինի վերջին տուրում կատարվելիք մեկ քայլից: Բայց կարող եմ շեշտել նաև, որ հաղթելու համար մենք ամեն ինչ կանենք: Միայն մի քիչ հաջողություն է պետք, և հույս ունեմ, որ այս անգամ այն կժպտա մեզ»: