20/09/2010 13:20
«Ռենկո» հոլդինգը շահագործման հանձնեց «Պիացա Գրանդե» համալիրը
Այսօր Երևանի Վազգեն Սարգսյան 20 հասցեում հանդիսավորությամբ բացվեց «Պիացա Գրանդե» համալիրը: Կարմիր ժապավենը կտրեցին շենքի կառուցապատող «Ռենկո» հոլդինգի գլխավոր տնօրեն Ջովանի Ռուբինին և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Համալիրի շինարարությունը սկսվել է 2007 թ-ից: 10 հարկանի շենքի ընդհանուր մակերեսը 42 հզ. քմ է: Այն բազմաֆունկցիոնալ համալիր է, որը բաղկացած է 3 մասից` -1 և 0 հարկերում առևտրային տարածքներ են, 1-3 հարկերը` գրասենյակային տարածքներ, իսկ 4-10-րդ հարկերը` բնակարաններ: Շինարարության համար ներդրումները կազմել են շուրջ 50 մլն դոլար:
«Մենք այնպես ենք կազմակերպել, որ և՛ առևտրային, և՛ օֆիսային և՛ բնակելի տարածքների մուտքերն առանձին են»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց Ջ. Ռուբինին:
Նա վստահեցրեց, որ շինարարությունը կատարվել է ժամանակակից կատարելագործված սարքավորումներով, ինչը երաշխավորում է կառույցի ապահովությունն ու անվտանգությունը:
Համալիրում շրջելուց հետո քաղաքապետ Գ. Բեգլարյանը գոհունակություն հայտնեց շենքի հատկապես որակի վերաբերյալ. «Այսօր հայկական կազմակերպությունները չեն կարող համեմատվել այս ընկերության հետ: Կարևոն այն է, որ մեր մասնագետներն աշխատում են և փորձի փոխանակման արդյունքում ապագայում կստանանք այն որակը, որ ստանում են «Ռենկո» կազմակերպության աշխատակիցները»:
Քաղաքապետը հավաստեց, որ յուրաքանչյուր նորություն, յուրաքանչյուր այս կարգի կառույց ուսանելի է մյուսների համար, նաև մեծ մրցակցություն է սկսվում շինարարական ընկերությունների միջև:
«Եթե համեմատական ենք տանում նախորդ տարիների հետ, ապա տարեցտարի շինարարության որակն ավելանում է»,- նշեց Գ. Բեգլարյանը:
Հավելենք, որ Երևանում «Ռենկո» հոլդինգը հեղինակել է Կոնգրես հյուրանոցի, Իտալիայի դեսպանատան, Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղիի, տարբեր բնակելի շենքերի շինարարությունը: