21/09/2010 13:07
Հիլարի Քլինթոնը շնորհավորել է հայ ժողովրդի Անկախության տոնը
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին` Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ: ԱՄՆ Պետդեպի կայքում տեղադրված ուղերձում ասված է.
«Նախագահ Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Ես անձամբ ծանոթացել եմ հայկական հյուրասիրությանը, երբ Երևան այցելեցի այս տարվա սկզբին: Պատիվ ունեցա նշել ԱՄՆ Անկախության օրը` հուլիսի 4-ը, Հայաստանում և հպարտ եմ, որ կարող եմ խոսել Հայաստանի և հայ ժողովրդի հարուստ մշակույթի և բազմաթիվ ձեռքբերումների մասին:
Տարիներ շարունակ ԱՄՆ-ի հայերն իրենց ավանդն են ներդրել Ամերիկայի կյանքում` խորացնելով մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները:
Մենք ձգտում ենք ընդլայնել մեր համագործակցությունը և կառուցել խոստումնալի ապագա բոլոր մեր քաղաքացիների համար: Ցանկանում եմ Հայաստանի ժողովրդին անվտանգ և երջանիկ Անկախության օր, խաղաղություն և բարգավաճում գալիք տարում»:
Նշենք, որ սա առաջին անգամ է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես է գալիս հատուկ հայտարարությամբ` շնորհավորելով ՀՀ Անկախությանը տոնը: