21/09/2010 13:16
ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին Անկախության օրվա առթիվ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ:
«Վերջերս Հայաստան կատարած այցելության ընթացքում ես հերթական անգամ համոզվեցի, որ ռուս-հայկական ընկերության և բարիդրացիական բազմադարյա ավանդույթները շարունակվում են ամրանալ: Մեր քաղաքացիները հպարտ են ընդհանուր պատմության փառավոր էջերով, համատեղ հաջողություններով և հաղթանակներով»,- ասվում է ՌԴ նախագահի շնորհավորանքում:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, ռուսաստանյան պետության ղեկավարը որպես օրինակ է բերել «Պատվո բլուր» հուշարձանային համալիրի վերականգնումը: «Մենք շնորհակալ ենք Հայաստանի ժողովրդից մեր զինվորների հիշատակի հանդեպ ունեցած հարգանքի համար»,- նշել է Դ. Մեդվեդևը:
«Վստահության և համագործակցության հուսալի հիմքերի վրա Ռուսաստանն ու Հայաստանն այսօր կառուցում են ռազմավարական համագործակցության հարաբերություններ, ծավալում են աշխույժ քաղաքական երկխոսություն, ավելի արդյունավետորեն են կոորդինացնում իրենց քայլերը տարածաշրջանային և միջազգային հարթակներում: Մենք կարևոր որոշումներ ենք կայացրել տնտեսությունում համատեղ նախագծերի իրականացման համար, այդ թվում` նորարարական և հումանիտար ոլորտներում»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:
«Վստահ եմ, որ այդ պայմանավորվածությունների իրականացումը կծառայի երկկողմ կապերի հետագա ընդլայնմանը` հանուն մեր երկրների քաղաքացիների բարօրության, Անդրկովկասում խաղաղության և կայունության համար»,- հայտարարել է Դ. Մեդվեդևը: