21/09/2010 11:36
ԼՂՀ նախագահը շնորհավորում է Հայաստանի Անկախության օրվա առթիվ
Սեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` ուղերձում ասված է.
«Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Այս օրը տոն է յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Բոլորս միասին տոնում ենք մի պանծալի իրադարձություն, որը հիմք դրեց մեր ժողովրդի դարավոր երազանքների ու ազգային նպատակների իրականացման համար:
Արդեն 19 տարի է, հայ ժողովուրդն ընթանում է իր անկախ պետականության կերտման ու զորացման, հայրենի երկրի շենացման ու բարգավաճման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու զարգացման ճանապարհով: Սա մի դժվարին ճանապարհ է, որը պատվով հաղթահարելու համար պահանջվում է տոկուն կամք ու անսասան ոգի, ամենօրյա բարդ ու տքնաջան աշխատանք, սրտացավ ու հոգատար վերաբերմունք հայրենիքի հանդեպ:
Վստահ եմ, որ Ձեր անմիջական ղեկավարությամբ Մայր Հայաստանը կդառնա ժամանակակից ու զարգացած երկիր, աշխարհասփյուռ հայության հայրենիքը, որտեղ ապրելը պարծանք ու հպարտություն կլինի յուրաքանչյուր հայի համար:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ ու մաղթում խաղաղություն, բարօրություն եւ մեծագույն հաջողություններ` ի փառս Հայաստանի Հանրապետության պայծառ ու լուսավոր ապագայի»: