21/09/2010 10:31
«Շանհայ-Էքսպո-2010»-ում կնշվի ՀՀ Ազգային օրը
Այսօր` սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության օրը նշվելու է նաև Չինաստանի Շանհայ քաղաքում, որտեղ շարունակվում է «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսը: Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ցուցահանդեսի շրջանակներում այսօր անցկացվելու են Ազգային օրվան նվիրված միջոցառումներ, ելույթ կունենան Հայաստանից մեկնած ստեղծագործական խմբեր, երգիչներ, «Բարեկամություն» պարի համույթը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարական պատվիրակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ գտնվում է Չինաստանում: Այսօր նախատեսվում են մի շարք հանդիպումներ, այդ թվում` Շանհայի քաղաքապետ Հան Ժենեինի հետ։
«Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի ազգային օպերատորը և ՀՀ վարչապետի այցի շրջանակներում կազմակերպվող գործարար միջոցառումների ու այցելությունների կազմակերպիչը Զարգացման հայկական գործակալությունն (ԶՀԳ) է: Շանհայում նախատեսվում էր անցկացնել նաև հայ-չինական գործարար համաժողով, որտեղ պետք է մասնակցեին չինական կողմի տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, պաշտոնական անձինք: Սակայն, ինչպես Aysor-ին հայտնեցին ԶՀԳ-ից, համաժողովը չի կայանալու, թեև ստորագրվելու են մի շարք համաձայնագրեր:
Հավելենք, որ Հայաստանը Շանհայում ներկայացել է «Աշխարհի քաղաք» նախագծով, որը հասանելի է www.expo.cn կայքում: Այն թարմացվում է յուրաքանչյուր ամիս: Վիրտուալ քաղաքում կա 16-18 թաղամաս: Յուրաքանչյուր երկիր ինքն է առաջարկել իր թաղամասի նախագիծը: Ընդ որում, «Աշխարհի քաղաք»-ը ծավալվում է Արարատ լեռան առջև. գաղափարի խորհուրդն այն է, որ Նոյը ջրհեղեղից հետո Արարատից է իջել ցամաք:
Համաշխարհային ցուցահանդեսը Շանհայում մեկնարկել էր մայիսի 1-ին և ավարտվելու է հոկտեմբերի 31-ին: