22/09/2010 14:27
Հայ-վրացական սահմանային խնդիրները շատ արագ լուծումներ կստանան
Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագիրը կարող է օգնել հայ-վրացական սահմանի հետ կապված վիճահարույց խնդիրների լուծմանը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկեց Հայաստանում և Վրաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարությունների (ՍՀԿ) մշակման և կատարելագործման համար պատասխանատու միջգերատեսչական աշխատանքային խմբերի համար կազմակերպված երկկողմ եռօրյա աշխատաժողովը:
«Հայ-վրացական սահմանի հետ կապված խնդրահարույց հարցերը քննարկվում են և շատ արագ իրենց լուծումները կստանան: Նման ծրագրերը ոչ թե խոչընդոտ են, այլ հակառակը` օգնելու են գտնել բոլոր խնդրահայրույց հարցերի պատասխանները: Քանի որ մենք մեծ խնդիրներ չունենք, վստահ եմ, որ այդ խնդիրները կլուծվեն»,- ասաց Ա.Բաղդասարյանը, նշելով, որ ծրագիրն ընդհանուր առմամբ գլոբալ սահմանային անվտանգությանն է վերաբերում:
Իր հերթին Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Մալենթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայ-վրացական չմարկացված և չլիմիտավորված սահմանի 65 տոկոսն արդեն կարգավորված է:
«Առաջիկայում նախատեսվում է համապատասխան նոր փաստաթղթերի ստորագրում` սահմանային խնդիրները կանոնակարգելու և սահմանակետերի համար: Դա նշանակում է բազմաթիվ նոր շտկումներ: Ծրագիրը նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի երկկողմանի համագործակցույթուն և երկխոսություն ձևավորվի` ի նպաստ այդ աշխատանքների կատարմանը»,-ասաց նա: