22/09/2010 10:50
Երևանում մեկնարկեց ՍՀԿ միջգերատեսչական աշխատանքային խմբերի ժողովը
Այսօր Երևանում մեկնարկեց Հայաստանում և Վրաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարությունների (ՍՀԿ) մշակման և կատարելագործման համար պատասխանատու միջգերատեսչական աշխատանքային խմբերի համար կազմակերպված երկկողմ աշխատաժողովը:
Այն կազմակերպվել է «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» (ՀԿՍՀԿ) ծրագրի կողմից` Ազգային ռազմավարության մշակման համար հիմնական պատասխանատու պետական մարմնի` ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ընդհանուր համակարգմամբ:
Եռօրյա աշխատաժողովի բացմանը ներկա են ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգը, ինչպես նաև Հայաստանում և Վրաստանում սահմանների համալիր կառավարման, սահմանի անվտանգության ռազմավարությունների և դրանց առնչվող իրավական ակտերի մշակման համար պատասխանատու պետական մարմինները ներկայացնող ղեկավար պաշտոնյաներ:
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կծանոթանան ՍՀԿ ռազմավարության և դրան առնչվող օրենսդրության մշակման եվրոպական փորձին, կքննարկեն միջգերատեսչական մակարդակում համատեղ գործողություններ իրականացնելու հեռանկարները: Ըստ աշխատաժողովի կազմակերպիչների, աշխատաժողովին ներկա են նաև մասնավորապես Խորվաթիայից և Հունգարիայից ժամանած փորձագետներ:
Նշենք, որ ՀԿՍՀԿ ծրագիրը իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ և կազմում է շուրջ 1,4 մլն եվրո: Ծրագրի նպատակը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում սահմանների համալիր կառավարման սկզբունքների գործնական աշխատակարգերի ներդրումն է, ինչպես նաև ներգերատեսչական, միջգերատեսչական և միջազգային համագործակցության ընդլայնումն ու զարգացումը` մասնավորապես, Հարավային Կովկասի երկրների ԵՄ անդամ-պետույթունների և միջազգային կառույցների միջև: