22/09/2010 14:54
ՀՆԱ. Աճի տեմպը 3.1 % է
2010 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում` 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանի տնտեսության աճի տեմպը կազմել է 3.1 %, իսկ օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է 79.3 % աճ: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը հասել է 2 տրլն 42 մլրդ 788 մլն դրամի:
Այս տարվա հունվար-օգոստոսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 503 մլրդ 982 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 11.5 %-ով: Նշված ժամանակահատվածում արտադրվել է 4380 մլն.կՎտ.ժ էլեկտրաէներգիա (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը` 17.1 %), գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 292 մլրդ 924.9 մլն դրամ (անկում` 18 %), շինարարության ծավալը` 285 մլրդ 570 մլն դրամ (նախորդ տարվա օգոստոսի համեմատ անկումը` 2.4 %, իսկ օգոստոսին հուլիսի համեմատ աճը 4.7 % է), մանրածախ առևտրաշրջանառությունը` 641 մլրդ 539.7 մլն դրամ (աճ` 0.3 %), ծառայությունների ծավալը (առանց առևտրի)` 500 մլրդ 714.8 մլն դրամ (աճ` 7.2 %):
Հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով, ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2958.7 մլն դոլար: Ընդ որում, արտահանման ծավալներն աճել են 43.8 %-ով՝ կազմելով 598.1 մլն դոլար, իսկ ներմուծման ծավալներն աճել են 21.3 %-ով` կազմելով 2360.6 մլն դոլար:
Սպառողական ապրանքների գներն աճել են 7.7 %-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները` շուրջ 27.7 %-ով:
2010 թ. օգոստոսին պաշտոնապես գրանցվել է 82.6 հազ. գործազուրկ, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 17.4 %-ով:
Հունվար-օգոստոս ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 7.8 %-ով` կազմելով 105613 դրամ, իսկ օգոստոսին հուլիսի համեմատ դիտվել է աշխատավարձի որոշակի նվազում` 7.7 %:
2010 թ. հունվար-օգոստոսին դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 379.8 դրամ: