22/09/2010 15:56
Ուխտագնացություն Հայաստան` ի բողոք Սուրբ Խաչի առանց խաչի պատարագի
«Մուսալեռան հերոսամարտի 95-ամյակը նշեցինք 95 կաթսա հարիսայով, 100-ամյակը նշելու ենք 100 կաթսա հարիսայով»,- այսօր ասուլիսում, ամփոփելով անցած հանգստյան օրերին Մուսալեռան հերոսամարտի 95-ամյակի առթիվ տեղի ունեցած տոնակատարությունները, հայտարարեց «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը:
Նրա խոսքով, այս տարվա միջոցառումներն առանձնահատուկ էին, որովհետև Մուսալեռան հերոսամարտի մասնակից, ներկայումս Թուրքիայի միակ, լիովին հայաբնակ Վագըֆ (նշ. է եկեղեցապատկան տարածք) գյուղից 30 հոգանոց պատվիրակություն էր եկել Հայաստան:
«Սեպտեմբերի 19-ին, ի նշան բողոքի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում առանց խաչի պատարագ մատուցելուն, վագըֆցիները ուխտագնացություն էին կազմակերպել Հայաստան»,- ասաց նա:
Միության քարտուղար, ծնունդով վագըֆցի Վարդգես Մարդիրյանը, պատասխանելով Aysor-ի հարցին, հայտնեց, որ այժմ գյուղում բնակվում է 20-30 ծուխ, զբաղվում են նարնջի մշակությամբ, և քանի որ ապրուստը դժվար է, հաճախ երիտասարդները ստիպված են լինում մեկնել Ստամբուլ. «Բայց ամռանը` տոնակատարությունների ժամանակ, գյուղը լցվում է»:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, ներկայացնելով Մուսալեռան հերոսամարտի պատմական ակնարկը, շեշտեց, որ այդ հերոսամարտը «մեր դյուցազներգության լավագույն էջերից մեկն էր», որը օրինակ հանդիսացավ հաջորդ սերունդների համար, այդ թվում Հայրենական Մեծ պատերազմի տարիներին:
Միության երտասարդական թևի վարչության անդամ Հովհաննես Բալաբանյանը հայտնեց, որ գործում է «Մուսալեռ» համանուն կայքը և կոչ արեց մուսալեռցիների այն ժառանգներին, որոնց հետ կապը խզվել է, արձագանքել և կապ հաստատել միության հետ:
Հավելենք, որ 2004 թ-ին միությունը մուսալեռցիների մարդահամար է իրականացրել և պարզվել է, որ ողջ աշխարհում բնակվում են շուրջ 15 հզ. ժառանգներ, որից մոտ 7 հզ-ը` Հայաստանում: