23/09/2010 14:16
Վ.Այվազյան. «Հակամրցակցային, թե՞ հակամենաշնորհային օրենք»
«Հակամրցակցային, թե՞ հակամենաշնորհային օրենք...»,- նման հարցադրում այսօր ասուլիսում արեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Նրա խոսքով, մենաշնորհից տուժում է ամբողջ տնտեսությունը: Սակայն մենաշնորհի խնդիրը որոշ առումով կապված է Հայաստանի աշխարհագրական դիրքի, այսօրվա իրավիճակի հետ, որովհետև մեր հարևաններից 2-ի հետ ՀՀ-ն չունի հարաբերություններ, մյուս կողմից էլ կոնֆլիկտից օգտվող երկիր է, որը տարանցիկ բեռնափոխադրման համար շատ ավելի է գանձում. «Կան օբյեկտիվ պայմաններ` մեծածավալ գնումների պարագայում գներն ավտոմատ իջնում են»:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կարծիքով, Հայաստանի նման երկրում, որն ունի փոքր շուկա և աշխարհագրական նման իրավիճակ, շատ ավելի լավ է ունենալ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենք, քան հակամենաշնորհային օրենք: Նա փաստեց, որ մեզ մոտ գերիշխող դիրքի առկայությունը թույլատրված է օրենքով, սակայն արգելված է այդ դիրքի չարաշահումը և սա բավականին լուրջ ունակություններ է պահանջում այն մարմինից, որը պետք է հետևի, որ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտը չչարաշահի իր դիրքը:
Գ. Մինասյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ում իր ներկայացրած հակամրցակցային օրինագծով առաջարկվում է գերիշխող դիրքի չարաշահում արձանագրելու դեպքում չարաշահման արդյունքում ձևավորված ողջ շահույթը տեղափոխել պետական բյուջե: Միաժամանակ, կառավարությունը նույնպես նմանօրինակ օրինագիծ է նախապատրատում, որով առաջարկում են խախտում թույլ տված տնտեսվարողի տարեկան շրջանառությունից գանձվող 2%-ի փոխարեն գանձել 5 % տուգանք: Պատգամավորի գնահատականով, իր հեղինակած օրինագիծն ավելի դժվար կիրառելի է, քան կառավարությանը:
«Երբ այդ օրենսդրական նախաձեռնությունը գա ԱԺ, քանի որ նա միտված է նույն խնդրի կարգավորմանը և, իսկապես, ավելի հեշտ իրագործելի է, ես իմ օրենսդրական նախաձեռնությունը կհանեմ»,- հավաստեց Գ. Մինասյանը: