23/09/2010 11:10
«Խաղաղության նավախմբի» գրոհը` մարդու իրավունքներին հակասող
ՄԱԿ փորձագիտական խումբը իսրայելական ծառայությունների կողմից իրականացված «Խաղաղության նավախմբի» գրոհը ճանաչել է որպես միջազգային օրենքներին և մարդու իրավունքներին հակասող, հայտնում է ՌԻԱ-Նովոստին, հղում կատարելով Ասոշիեյթիդ Պրեսսին:
Հիշեցնենք, որ «Խաղաղության նավախումբը»` նավերի մարդասիրական խումբ էր, որը գնում էր Իսրայելի կողմից շրջափակված Գազա և մայիսի վերջում գրոհի էր ենթարկվել իսրայելական հատուկ ստորաբաժանումների կողմից: Գրոհի ժամանակ Թուրքիայի 9 քաղաքացի էր զոհվել:
Ինչպես ասվում է նավախմբի հետ տեղի ունեցած միջադեպն ուսումնասիրող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի հատուկ կոմիտեի 56-էջանոց զեկույցում, Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների շրջափակումն այնտեղ առկա հումանիտար ճգնաժամի պարագայում անօրինական էր: Հանձնաժողովը թվարկում է նաև այն հանցանքները, որոնք գործել են իսրայելացի հատուկջոկատայինները` ակցիայի մասնակիցների նկատմամբ: Այդ թվում հնչում են նաև կանխամտածված սպանության և կտտանքի մեղադրանքներ, ինչպես նաև` կյանքի իրավունքի, կամքի դրսևորման ազատության, կալանվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի նորմերի խախման մասին:
Իսրայելի ԱԳՆ-ն արդեն հանդես եկել է հայտարարությամբ, թե Մարդու իրավունքների հանձնաժողովը գործի առումով ունի «կողմնակալ, քաղաքականացված և ծայրահեղական» մոտեցումներ: