23/09/2010 13:36
Գագիկ Մինասյան. Գնաճը մտահոգիչ է
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մեզ չի հաջողվում նվազեցնել բավականին մեծ գնաճը. անցած ամսվա համար ցուցանիշը կազմել է 7.7 %, որն էապես գերազանցում է այն ցուցանիշը, որը սահմանված է պետական բյուջեի մասին օրենքով»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` միաժամանակ, ընդհանուր առմամբ դրական գնահատելով 2010 թ. առաջին 8 ամիսների ՀՆԱ ցուցանիշները:
Ըստ պատգամավորի, գնաճի ներքին պատճառները գյուղատնտեսական ծանր տարին և անբարենպաստ բնակլիմայական պայմաններն են, որոշակի խնդրներ կան նաև արտաքին շուկաներում, հատկապես հացամթերքի բնագավառներում:
Գ. Մինասյանը նշեց, որ տարվա ընթացքում Կենտրոնական բանկը կիրառել է իր գործիքակազմը` տոկոսադրույքի նվազեցումը, փորձելով զսպել գնաճը. «Եթե դա չաներ, ապա գնաճը շատ ավելի բարձր կլիներ»: Նա կրկնեց ԿԲ պաշտոնական տեսակետը, թե տարվա վերջին կունենանք պետական բյուջեով նախատեսված գնաճի ցուցանիշին մոտ ցուցանիշ:
«Տարվա ընթացքում էական քայլեր են կատարվել գնաճի բարձր մակարադակը նվազեցնելու ուղղությամբ և այդ քայլերը կշարունակվեն»,- հավաստեց Գ. Մինասյանը: