23/09/2010 15:18
Նամակ Օբամային. Ադրբեջանում վտանգված է խոսքի ազատությունը
Ադրբեջանի լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը ՄԱԿ-ի 65-րդ գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հնարավոր հանդիպման կապակցությամբ նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այդ մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:
Նամակում ասվում է, որ նախագահ Օբամայի` Դենիել Փեռլի պատվին ստորագրած «Մամուլի մասին» օրենքը շրջադարձային է դարձել ողջ աշխարհում մամուլի ազատության համար: «Խոսքի և ազատ արտահայտման բնագավառում իրավիճակի անթույլատրելիությունը հատկապես կարևոր է Ադրբեջանի համար: 2005 թ.-ին անգամ լրագրող Էլմար Հուսեյնովի սպանությունից հետո Ադրբեջանում չի բացահայտվել լրագրողների դեմ ֆիզիկական և հոգեբանական հետապնդման փաստերից և ոչ մեկը»,- ասվում է նամակում:
Նամակում հայտնվում է, որ երկրի հեռուստաալիքները գտնվում են իշխանության վերահսկողության տակ, և որ նոր էլեկտրոնային ԶԼՄ-ների արտոնագրման գործում էլ սահմանափակումներ կան: «Ադրբեջանում իրավիճակը տխուր է նաև ռադիոյի բնագավառում: 2009 թ-ի հունվարին իշխանությունն արգելել է տեղական հաճախականություններով «Ամերիկայի ձայն», «Ազատություն» և BBC-ի նման արևմտյան ռադիոկայանների հեռարձակումները: Զրպարտության համար քրեական պատասխանատվությունը պահպանվում է, իսկ պետական մարմինները շարունակում են դատական գործեր հարուցել լրագրողների և ԶԼՄ-ների դեմ»,- ասվում է Ադրբեջանի լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի նամակում:
Հատուկ ուշադրություն է հրավիրվում նաև «Միջազգային Ամնիստիա»-ի կողմից խղճի բանտարկյալ հայտարարված դատապարտյալ լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևի և բլոգերներ Էմին Միլլիի ու Ադնան Հաջիզադեի գործերին:
Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը խնդրել է Օբամային բարձրացված հարցերն անպայման քննարկել Ալիևի հետ, օգնել Ֆաթուլլաևին և բլոգերներին բանտից ազատելու, Էլմար Հուսեյնովի ոճրագործներին պատժելու և ինտերնետի նկատմամբ իշխանության վերահսկողությունը սահմանափակելու հարցերին: