23/09/2010 15:23
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պեդրու Նունու Բարտոլուն /նստավայրը` Մոսկվա/:
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության իրականացման գործում:
Դեսպան Բարտոլուի խոսքով, Պորտուգալիան մեծագույն հարգանք է տածում հնագույն քաղաքակրթության օրրան Հայաստանի նկատմամբ և համարում` բարեկամ երկիր: Նա Հայաստանի Նախագահին է փոխանցել իր երկրի ղեկավարի ողջույնները` նշելով, որ Լիսաբոնում ս.թ.նոյեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին անհամբերությամբ են սպասում Նախագահ Սարգսյանին:
Երկուստեք նշվել է, որ հայ-պորտուգալական հարաբերությունների ներկայիս մակարդակը չի համապատասխանում տարբեր ոլորտներում ակտիվ փոխգործակցություն զարգացնելու առկա ներուժին: Ընդգծվել է հատկապես իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումն ու զբոսաշրջության, առևտրի, այլընտրանքային էներգետիկայի, էլեկտրոնային կառավարման և մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման, գործարար կապերի ակտիվացման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի գործունեությանը: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ այն յուրատեսակ կամուրջ է հանդիսանում հայ-պորտուգալական հարաբերություններում, և Հայաստանում միշտ էլ բարձր գնահատանքի է արժանացել Հիմնադրամի մարդասիրական ու մշակութային գործունեությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ: Պորտուգալիայի դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն ու նրա հովանու ներքո տեղի ունեցող բանակցությունները: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: