23/09/2010 15:05
«Թուրքիան պարտավոր է վերանորոգել մեր պատմական հուշարձանները»
«Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը հիանալի գովազդ էր Թուրքիայի համար` ինչպես տնտեսության, այնպես էլ տուրիզմի զարգացման տեսանկյունից: Սուրբ Խաչը և ապագայում մնացյալ եկեղեցիները վերանորոգելով` Թուրքիան ցանկանում է եվրոպական կառույցներում ցույց տալ, որ ինքը փոխվել է, փոխել է նաև իր վարած քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի թուրքիայի բաժնի գիտաշխաող, պ.գ.թ., Քրիստինե Մելքոնյանը` անդրադառնալով այն փաստին, որ առաջիկայում պատրաստվում են վերանորոգել նաև Դիարբեքիրի Ս. Կիրակոս եկեղեցին:
Մելքոնյանը նշեց, որ 1912-13թթ Պոլսո պատրիարքարանի կողմից հրապարակված տվյալների համաձայն` Թուրքիայում եղել է 2000-ից ավելի հայկական պատմամշակութային հուշարձան, որոնց մեծ մասը ոչնչացվել է Ցեղասպանության տարիներին: Նա հավելեց նաև, հատկանշական է, որ 1974-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրապարակած 1923 թվականից պահպանվել է միայն հայկական հուշարձաններից 913-ը, որոնցից 464-ն այժմ ամբողջովին վերացված են, 252-ն` ավերված, իսկ մոտ 197-ը վերանորոգման կարիք ունեն:
«Թուրքիան պարտավոր է վերանորոգել մեր պատմական հուշարձանները և, կարծես, միայն վերջին շրջանում է, որ սկսել է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Դրա պատճառները մի քանիս են. Նախ` Եվրամիության ճնշումներն են Թուրքիայի վրա և երկրորդը, ըստ թուրքերի, դա հիանալի ներդրում է Թուրքիայի տնտեսության զարգացման համար»,- ասաց Ք. Մելքոնյանը և հավելեց, որ թուրքերը հավանաբար կարծում են, որ այդ կերպ կկարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները:
Ք. Մելքոնյանը նկատեց նաև, որ Թուրքիայում լայն թափ է առել ոչ միայն հայկական, այլ առհասարակ հուշարձանների վերականգնումը: