23/09/2010 15:36
Զենք կրելու իրավունք է տրվել 2812 ՀՀ քաղաքացու
Հայաստանի Հանրապետությունում ներկայում հաշվառված է քաղաքացիներին պատկանող 45 822 միավոր զենք, որից 3683–ը որսորդական՝ ակոսափող, 33 648–ը՝ որսորդական ողորկափող, 2011–ը՝ պարգևատրական, 6233–ը՝ գազային և 72 զենքի հավաքածու՝ 247 զենքերով: Այսօր ասուլիսի ժամանակ այս տվյալները հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը:
Նա նշեց, որ քաղաքացիների կողմից զենք պահելու թույլատվությունը կարգավորվում է 1998 թվականին ընդունված «Զենքի մասին» ՀՀ օրենքով, ընդ որում` քաղաքացիական անձանց թույլատրվում են միայն ինքնապաշտպանության համար նախատեսված, ինչպես նաև` որսորդական և սպորտային հրաձգային զինատեսակները:
Բանախոսը նշեց, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքով կարգավորվում է նաև Հայաստանում զենքի շրջանառությունը, իսկ քաղաքացիական զենքի տեսակներ ձեռք բերել կարող է 18 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, եթե նա առողջական նորմալ վիճակում է և դատական պատասխանատվության չի ենթարկվել:
«Ակոսափող հրացանի ձեռքբերման համար քաղաքացին պետք է ներկայացնի օրենքով հաստատված մի շարք փաստաթղթեր՝ տեղեկանք բնակավայրից, անձը հաստատող փաստաթուղթ, զենքի հասանելիությունը բացառող պայմանների մասին և առողջության մասին վկայող փաստաթղթեր, դատվածության մասին տեղեկանք։ ՀՀ քաղաքացին իրավունք ունի 3 միավոր ակոսափող և 5 միավոր ողորկափող զենք ունենալ», - հայտնեց ոստիկանության գնդապետը:
Պետի տեղակալի տեղեկացմամբ` 2010թ-ի ընթացքում զենք կրելու իրավունք է տրվել 2812 ՀՀ քաղաքացու` ավելի քիչ, քան նախորդ տարիներին: «Զենքի կրման թույլատվությունների թիվը գնալով նվազում է»,- ասաց նա: «Զենքի թույլատվություն ունեցող քաղաքացիներն արդեն զենք ունեն և նոր զենք ստանալու արդեն անհրաժեշտությունն էլ չկա»,- պարզաբանեց Մեհրաբյանը թույլատվությունների թվի նվազման հանգամանքը:
Խոսելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի լրամշակման անհրաժեշտության մասին, Կ.Մեհրաբյանը նշեց, որ յուրաքանչյուր օրենք ունի իր փորձաշրջանը: «Այս օրենքի դեպքում այն ավարտված է, և լրամշակումն էլ միտված է օրենքում առկա հակասությունների վերացմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը»,-պարզաբանեց հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալը: