24/09/2010 12:18
Վիրջինիա նահանգում 41-ամյա կին է մահապատժի ենթարկվել
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի իշխանությունները նախօրեին 100 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի են ենթարկել կնոջ, ով կազմակերպել է իր ամուսնու և որդեգրած որդու սպանությունը, այս մասին հաղորդում է «Ասսոիշեյթիդ պրեսսը»:
41-ամյա Թերեզա Լյուիսը երեկ մահացու ներարկման միջոցով մահապատժի է ենթարկվել Գրինսվիլ (Greensville) կոչվող բանտում: Մահապատժին հետևել են նրա հարազատները:
Սա վերջին հինգ տարում ԱՄՆ-ում առաջին կնոջ մահապատիժն էր:
Նշենք, որ 2002 թվականին, կաշառքի, կեղծ խոստումների և ինտիմ հարաբերությունների միջոցով Լյուիսը երկու տղամարդու համոզել էր իրականացնել սպանությունը: Հանցագործության երկու մասնակիցները դատապարտվել էին ցմահ ազատազրկման, որոնցից մեկը 2006-ին ինքնասպան է եղել:
Նշենք նաև, որ Վիրջինիա նահանգի ղեկավարին հասցեագրվել էր ավելի քան 7,3 հազար միջնորդություններ` չեղյալ հայտարարելու մահվան դատավճռի կատարումը: