25/09/2010 13:16
Կարծիք. ԼՂ կարգավորումն առանց կողմերի ցանկության հնարավոր չէ
Հայաստանն ընդհանրապես չի կարող պահանջել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, քանի որ առկա է բանակցային գործընթաց, այսօր տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այն, որ Հայաստանը կճանաչի Ղարաբաղը ամենևին էլ չի նշանակում, թե ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան և այլ պետություններ կճանաչեն ԼՂՀ-ն»,- ասաց բանախոսը:
Քաղաքագետի գնահատմամբ` հայկական դիվանագիտությունը կարծես թե համաձայնվել է այն թեզի հետ, որ կարգավորման գործընթացում վերջակետն է հանդիսանալու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
«Եթե հիմա ճանաչման խնդիրն իրավաբանորեն առաջ քաշվի` կարգավորման գործընթացը կընդհատվի »,- ասաց նա:
Ըստ բանախոսի, եթե ցանկություն կա պահպանել գործընթացը, ապա պետք է պահպանել ներկա ձևաչափը` ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը, քանի որ դրա շրջանակում տարբեր պետությունների ներգրավվածությունը դրական երևույթ է:
Ալ. Իսկանդարյանի կարծիքով` պետք չէ Մինսկի խմբից պահանջել հակամարտության կարգավորում, քանի որ դա հնարավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ նման ցանկություն չեն ունենա կողմերը:
«Մինսկի խումբը միայն միջնորդ է և չունի կարգավորման լիազորություններ», - ընդգծեց նա: