25/09/2010 13:34
Քուվեյթում նշել են Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձը
Սեպտեմբերի 23-ին Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Six Palms» սրահում առաջին անգամ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված պետական ընդունելություն:
Ինչպես այսօր հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, հանդիսությանը ներկա էին տեղական իշխանությունների, Քուվեյթի արտաքին գործերի նախարարության, հայ համայնքի, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ինչպես նաև հայտնի գործարարներ և քաղաքական գործիչներ:
Հայաստանի և Քուվեյթի պետական օրհներգները հնչելուց հետո բացման խոսքով հանդես եկավ Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Նա անդրադարձել է հայ-քուվեյթյան հարաբերությունների ներկա վիճակին և միջպետական համագործակցությունը խթանելու հետագա ծրագրերին` Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնելով Քուվեյթի իշխանություններին և քուվեյթահայ համայնքին Հայաստանի դեսպանության հիմնադրման գործում ցուցաբերած զգալի աջակցության և մեծ ավանդի համար: