25/09/2010 12:51
Գյուլը չի մոռացել «Խաղաղության նավախմբի» գրոհը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախօրեին հայտարարել է, որ իր երկիրը «անհրաժեշտ միջոցների» ձեռնարկում է սպասում Իսրայելից` կապված «Խաղաղության նավախմբի» գրոհի հետ: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով Անադոլու գործակալությանը:
Հիշեցնենք, որ գրոհի հետևանքով զոհվել է Թուրքիայի 9 քաղաքացի:
«Թուրքիան չի կարող իրեն այնպես պահել, կարծես այս տարվա մայիսին որևէ բան չի եղել», - ասել է Գյուլը` ելույթ ունենալով Նյու Յորքի «Միջազգային հարաբերությունների խորհուրդ» կազմակերպությունում:
Գնահատելով «Խաղաղության նավախմբի» գրոհի վերաբերյալ ՄԱԿ փորձագիտական խմբի զեկույցը` Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ հանձնաժողովը «հաջողությամբ ավարտին կհասցնի քննությունը»:
Միևնույն ժամանակ Աբդուլլահ Գյուլն ընդգծել է, որ Թուրքիայի և Իսրայելի բարեկամությունը արմատներով գնում է դեպի պատմության խորքը: