27/09/2010 11:02
Մեկնարկեց հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը
Այսօր Երևանում մեկնարկեց տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստը:
Նշենք, որ նախորդ նիստը կայացել է 2009 թ. մարտի 18-ին` Մինսկում: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են ՀՀ ոկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և ԲՀ առևտրի նախարար Վալենտին Չեկանովը:
«Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հիմքում ընկած է երկու երկրների գործարարների միջև անմիջական կապերի շարունակական ընդլայնումը»,- ողջույնի խոսքում ասաց Ն. Երիցյանը:
Նա համոզվածություն հայտնեց, որ նիստի ընթացքում երկկողմ համագործակցության շրջանակներում առկա խնդիրները լուծումներ կգտնեն:
Երկօրյա նիստում քննարկվող հարցերի շրջանակն ընդգրկում է Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության և կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ փոխշահավետ ոլորտներում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Բելառուսի միջև միջմարզային կապերի խորացմանն առնչվող խնդիրներ:
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի արդյունքում նախատեսվում է ստորագրել Տնտեսական համագործակցության հարցերով Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի ութերորդ համատեղ նիստի Արձանագրությունը:
Հավելենք, որ Հայաստնի և Բելառուսի հանրապետությունների միջև 2009 թ. առևտրաշրջանառությունը կազմել է 30.2 մլն դոլար, որից արտահանումը` 4.6 մլն, ներմուծումը` 25.6 մլն դոլար: Հայաստանից Բելառուս հիմնականում արտահանվում են կոնյակ, վերամշակված մրգեր, ջուր, ոսկերչական արտադրանք: Բելառուսից Հայաստան է ներմուծվում կաթնամթերք, ձկնամթերք, լուցկի, անիվներ, դեղորայք, կահույք և այլն: