27/09/2010 09:10
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարին
Նյու-Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարարը սեպտեմբերի 25-ին հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, ով բարձր գնահատեց Հայաստանի դերակատարությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացման գործում և մասնակցությունը Հազարամյակի զարգացման նպատակների գագաթաժողովին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ ինքը սատարում է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը, ինչը զգալիորեն կնպաստի զինադադարի ամրապնդմանը:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ կիսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը և հույս հայտնեց, որ Ադրբեջանը ևս կընդունի այս կապակցությամբ բազմիցս արված առաջարկությունը:
Ներկայացնելով մեկ տարի առաջ Հայաստանի արտգործնախարարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջև կայացած հանդիպումից ի վեր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման ճանապարհին տեղի ունեցած զարգացումները` Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հայ-թուրքական կարգավորման գործընթացին ցուցաբերած անվերապահ աջակցության համար:
Ավարտելով այցելությունը Նյու-Յորք` Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Բոստոն, ուր նախատեսված էր նրա ելույթը Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում և հանդիպումը հայ համայնքի հետ: