27/09/2010 09:44
ՀՀ ԱԳՆ ղեկավար. «Լավ մտադրությունները պետք է ապացուցել գործով»
«Հայաստանի նախաձեռնությունը առանց որևէ նախապայմանի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ վայելում էր միջազգային հանրության ամբողջական աջակցությունը: Անցյալ տարի, ինտենսիվ բանակցություններից արդյունքում ձեռք բերվեցին համաձայնություններ և ի վերջո ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները: Մենք վստահելի ներդրում կատարեցինք այդ մերձեցման գործում, սակայն Թուրքիան, դժբախտաբար, հետ կանգնեց իր պարտավորություններից և ոչ միայն զերծ մնաց ստորագրված արձանագրությունների վավերացումից, այլև վերադարձավ գործընթացի մեկնարկից առաջ նախապայմանների լեզվին», - ասել է Նյու-Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ընդհանուր դեբատների շրջանակներում:
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանը ներկաների ուշադրությունը գրավել է այն փաստի վրա, որ մինչ օրս հայ-թուրքական սահմանը շարունակում է մնալ միակ փակ սահմանը Եվրոպայում:
«Պետք է լավ մտադրությունները ապացուցել գործով, այլ ոչ` միայն բառերով: Հայաստանը պատրաստ է առաջ շարժվելու, երբ Թուրքիան կրկին պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները առանց որևէ նախապայմանի», - հայտարարել է ԱԳ նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ժողովուրդների համար առավել բարեկեցիկ և պաշտպանված աշխարհ ստեղծելու բոլոր ուղիները քննարկելիս` բացթողում կլինի չխոսել պաշտպանելու պատասխանատվության մասին:
«Որպես ժողովուրդ մենք վերապրել ենք մարդկության դեմ ամենասարսափելի ոճրագործությունը` ցեղասպանությունը, 95 տարի առաջ: Մենք չափազանց կարևորում ենք բոլոր միջազգային ջանքերի առաջխաղացումն` ուղղված ցեղասպանության և մարդկության դեմ ոճրագործության կանխարգելմանը: Քաջալերող է այն, որ Գլխավոր քարտուղարի «Նախազգուշացում, գնահատում և պաշտպանության պատասխանատվություն» զեկույցի շուրջ հետագա քննարկումները նախատեսված են Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ինչը կհանգեցնի մի այնպիսի բանաձևի ի հայտ գալուն, որը թույլ կտա օգտագործելով Միավորված Ազգերի համակարգում առկա բոլոր հնարավորություններն ու կարողությունները անհրաժեշտ և անհապաղ քայլեր ձեռնարկել նախազգուշացնելու, գնահատելու և կանխարգելելու համար այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ոճիրների և ցեղասպանության», - ասել է Է.Նալբանդյանը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ներկա և գալիք մարտահրավերներին դիմակայելու ՄԱԿ-ի կարողությանը նպաստելու նպատակով մենք պետք է ընդլայնենք մեր ջանքերը ՄԱԿ-ի բարեփոխման գործընթացն առաջ մղելու, առկա ռեսուրսների կիրառումն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու, «Մեկ ՄԱԿ» քաղաքականությունը գործի դնելու և տարածաշրջանային հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար, ի լրումն մեր գործողություններին աշխարհով մեկ:
«Այսօր աշխարհը զարգանում է ավելի արագ, քան երբևէ: Անվտանգության, քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ մարտահրավերներին դիմակայելու համար մենք պետք է պարզապես միավորենք մեր ջանքերը, ռեսուրսները և քաղաքական հաստատակամությունը դրանց հաղթահարման և միջազգային զարգացման օրակարգն առաջ մղելու նպատակով», - ամփոփելով իր խոսքը ասել է Էդվարդ Նալբանդյանը: