27/09/2010 17:02
Ռ. Կիրակոսյան. «Հնարավոր է պատահական, ինքնաբուխ պատերազմ»
«Ես ավելի անհանգստացած եմ, որ կարող է պատահական, ինքնաբուխ պատերազմ սկսվել, այսինքն` առանց որոշման: Պատճառն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է ռազմական հարձակումները` որպես դիվանագիտություն, իսկ դա սխալ է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` հավելելով, սակայն, որ Հայաստանը կդիմակայի բոլոր հարձակումներին:
«Ադրբեջանը ռազմական հարձակումներ է իրականացնում միայն քաղաքական խնդիրներից ելնելով: Ադրբեջանը միակ վտանգն է տարածաշրջանային անվտանգության համար: Հայաստանը պետք է պատրաստվի Ադրբեջանի դեմ պատերազմին»,- ասաց Ռ. Կիրակոսյանը և ընդգծեց նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր ավելի շատ ճնշում է գործադրում Ադրբեջանի, քան Հայաստանի և Ղարաբաղի վրա: «Այսօր Մինսկի խումբը փորձում է նաև հետ պահել Ադրբեջանին պատերազմից»։
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, Ռ. Կիրակոսյանն ասաց, որ Բրայզայի նշանակումը մարտահրավեր է Ադրբեջանի ղեկավարությանը: