27/09/2010 10:48
Իրանը սպառնում է դատի տալ Ռուսաստանին
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով և արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Ալլադին Բորոջերդին հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի դեմ դատարան կդիմի, եթե Իսլամական Հանրապետությանը Ս-300 հրթիռային համակարգերի վաճառքի կասեցման մասին Կրեմլի որոշումն ուժի մեջ մնա, հայտնում է ՌԲԿ-ն, մեջբերելով իրանական ISNA գործակալությանը:
«Այս հարցը լուծում է գտնելու դատական կարգով, և այդ դեպքում Ռուսաստանը պետք է Իրանին փոխհատուցում վճարի իր մերժման համար: Հուսով եմ, որ Ռուսաստանն իր պարտականությունները կկատարի»,- ասել է իրանցի պատգամավորը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2010թ հունիսի 9-ին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների վերաբերյալ բանաձև է ընդունել, որը հավանության է արժանացել նաև Ռուսաստանի և Չինաստանի կողմից: Բանաձևը ընդլայնում է Իրանի դեմ պատժամիջոցները` արգելելով այդ երկրին մի շարք զինատեսակների վաճառքը, այդ թվում նաև` Ս-300 հրթիռային համակարգերի:
Նշենք նաև, որ 2010 թվականի սեպտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Մեդվեդևը ստորագրել է ՄԱԿ-ի ԱԽ նշյալ բանաձևի դրույթների իրագործման մասին հրամանագիր: