27/09/2010 13:29
2 պարգև` Շանհայ էքսպոյից
«Շանհայ էքսպո օն-լայն» բյուրոյի կողմից Հայաստանի վիրտուալ տաղավարն արժանացել է պարգևի` լավագույն լուծման համար: Այս մասին այսօր ասուլիսում տեղեկացրեց «Շանհայ էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսում ՀՀ կազմկոմիտեի անդամ, «Բի լայն» ընկերության նախագահ Հայկ Խանջյանը:
Նա հայտնեց, որ շուրջ 1 ամիս առաջ նույնպես Հայաստանի վիրտուալ տաղավարն արժանացել էր արծաթե մրցանակի` ինժեներական լուծումների համար: Այն շնորհել էր ֆրանսիական «Դանսո Սիստեմզ» ընկերությունը, որը Շանհայ էքսպոյի գլխավոր խորհրդատուն է:
«Մեր տաղավարի մոտ բազմաթիվ հերթերը վկայում են հաղթական հաջողության մասին»,- հավաստեց Հ. Խանջյանը:
Նրա տվյալներով, սեպտեմբերի 20-ի դրությամբ ցուցահանդեսի ընդհանուր շուրջ 54 մլն այցելուներից Հայաստանի տաղավար էր այցելել 2 մլն մարդ: Հ. Խանջյանի գնահատականով, դա բավականին շատ է, քանի որ հայկական տաղավարը զբաղեցնում է ընդամենը 350 քմ տարածք:
Հ. Խանջյանը հավաստեց նաև, որ Հայաստանի տաղավարի թեման, բազմաթիվ կազմակերպիչների գնահատականով, համարվում է որպես «բացառիկ թեմա», որը լավագույն կերպով համընկնում է Շանհայի ցուցահանդեսի «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» կարգախոսին: Նշելով, որ առաջին անգամ է, որ նման խոշոր ցուցահանդեսում ընտրվել է ոչ միայն իրական ցուցահանդեսի տարբերակը, այլ նաև վիրտուալ, բանախոսը հայտնեց, որ այդ ձևով տաղավարները հասանելի կլինեն 5 տարիների ընթացքում` մինչև հաջորդ համաշխարհային ցուցահանդեսը: