28/09/2010 12:37
Բելառուս նախարար. Հայկական կոնյակը շատ է գնահատվում մեզ մոտ
Բելառուսում կոնյակի շուկայի 38 %-ը գրավում է հայկական կոնյակը: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Բելառուսի Հանրապետության Առևտրի նախարար Վալենտին Չեկանովը: Ըստ նրա, ներկայումս հայկական կոնյակ Բելառուս ներմուծում են պետական և մասնավոր 6 ընկերություններ:
«Մենք կաջակցենք նրան, որ բելառուսական շուկայում ձեր ապրանքը, մասնավորապես կոնյակը, որպես հիմնական ապրանք, որը շատ է գնահատվում մեզ մոտ, մշտապես առկա լինի և ծավալները մեծանան»,- հայտարարեց Վ. Չեկանովը, միաժամանակ հայտնելով, որ բանակցություններ են վարվում Բելառուսում հայկական կոնյակի արտադրության ձեռնարկություն հիմնելու շուրջ:
Aysor-ի հարցին, որ եթե Բելառուսում նախատեսվում է հայկական կոնյակ արտադրել, ապա ինչպես է այն կոչվելու «հայկական», քանի որ ՀՀ օրենքով միան ՀՀ-ում արտադրված կոնյակն իրավունք ունի կոչվել հայկական, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը պատասխանեց, թե թերևս լուծումն այն է, որ այն Բելառուսում արտադրվի հայկական տեխնոլոգիայով. «Կամ եթե հասունանա այդ աստիճանի, ակնհայտորեն պետք է քննարկվի, քանի որ օրենսդրական սահմանափակում կա, դա բանակցության առարկա է»:
Նախարարը ժխտեց օրենսդրական փոփոխության հնարավորությունը. «Գիտեք, թե ինչ խիստ է հասարակությունն այդ հարցերին վերաբերում»:
Վ. Չեկանովի խոսքով, Բելառուսում այսօր շշալցվում են տարբեր կոնյակներ` Մոլդովայից և այլ երկրներից, իրենց տեխնոլոգիաներով, անվանումները տրվում են համապատասխանորեն, և դրանք շատ հաջողությամբ վաճառվում են:
«Կցանկանայինք, որ եթե բանակցությունները հաջող ավարտվեն, նույնն անել հայկական կոնյակի դեպքում»,- նշեց բելառուս նախարարը: