28/09/2010 14:47
Հ. Սահակյան. Ադրբեջանի մոտեցումները դատապարտելի են
«Դիպուկահարների առաջին գծից դուրս բերումը հայկական կողմը ողջունել է և իր պատրաստակամությունն է հայտնել դրան աջակցելու ուղղությամբ: Այս հարցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մի քանի ասպեկտով պետք է մոտենա: Նախևառաջ պետք է հաշվի առնեն Ադրբեջանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունն ու նրանում առկա վտանգավոր դրույթները, հատկապես խաղաղության հաստատման դեմ այդ երկրի մերժողական քաղաքականության առումով»,- անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի՝ դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու վերաբերյալ հնչեցրած հայտարարությանն ու Ադրբեջանի կողմից այդ առաջարկի մերժմանը՝ Aysor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ սատարում է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը, ինչը զգալիորեն կնպաստի զինադադարի ամրապնդմանը: Դրան ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել էր, թե հայկական կողմը ևս կիսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը և հույս հայտնել, որ Ադրբեջանը ևս կընդունի այս կապակցությամբ բազմիցս արված առաջարկությունը:
ԱԺ պատգամավորի խոսքերով, Ադրբեջանը` հրաժարվելով դիպուկահարներին առաջնային գծից հետ քաշելու առաջարկից, մերժում է շփման գծում լարվածության թուլացումը, և ամեն ինչ անում է առանց այդ էլ առկա անկայուն վիճակը խորացնելու ուղղությամբ:
«Ադրբեջանը չի ցանկանում ետ քաշել իր դիպուկահարներին, քանի որ նա դիպուկահարների միջոցով նպատակաուղղված վնասներ է հասցնում ոչ միայն հենակետերում կանգնած զինծառայողներին, այլև այն հողագործներին, որոնք ԼՂՀ-ի և Տավուշի մարզի սահմանային շրջաններում հողագործությամբ են զբաղվում:
Ակնհայտ է, որ Միջազգային հանրությունը ևս գիտակցում է, թե որն է այդ առաջարկի մերժման պատճառը, և, կարծում եմ, անհրաժեշտ հետևություններ կանի: Ադրբեջանի մոտեցումները դատապարտելի են, և ես համոզված եմ, որ առաջիկայում դրանք կուրվագծվեն միջազգային հանրության հայտարարություններում և մոտեցումներում»,- ասաց Հ. Սահակյանը: