28/09/2010 12:31
Կարծիք. Էրդողանը կարող է Թուրքիայի հաջորդ նախագահը դառնալ
Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումները Թուրքիային մի քայլ առաջ գցեցին դեպի Եվրամիություն, և այդ բարեփոխումներն ուղղակի ազատականացնում են Թուրքիայի քաղաքականությունը: Նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Թուրքիայի համար սահմանադրությունը փոխելու օրակարգում Եվրամիությանն անդամակցելն առաջնային և էական չէր: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները նշում են, որ անդամակցությունը Եվրամիությանն այլևս էական չէ: Թուրքիան ուզում է գնալ դեպի Եվրոպա, սակայն Եվրամիությանն անդամակցելը նրանց հիմնական նպատակն չէ»,- ասաց թուրքագետը` հավելելով, որ Թուրքիան ընդամենը ցանկանում է մոտ լինել արևելքին, արևմուտքին և հյուսիսին` նկատի ունենալով Ռուսաստանը:
Ա. Շաքարյանի խոսքով, Եվրամիության համար կան բազմաթիվ այլ պատրվակներ` Թուրքիային իր կազմի մեջ չընդունելու համար, «իսկ սահմանի փակ լինելը, Հայոց Ցեղասպանության ճանաչումը կամ Թուրքիայի և Իրանի հարաբերությունների կարգավորումը լրիվ երկրորդային են»:
Թուրքագետն ընդգծեց, որ Սահմանադրական բարեփոխումներն ուղղված էին Թուրքիային մոտեցնելու ոչ թե Եվրամիությանը, այլ` նախապատրաստելու Էրդողանի` Թուրքիայի Հանրապետության առաջին ընտրված նախագահ լինելուն: