28/09/2010 13:11
Նախարար. Հայ-բելառուսական համագործակցության «լավ սկիզբ է դրված»
Այսօր Երևանում Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Բելառուսի Հանրապետության առևտրի նախարար Վալենտին Չեկանովը ստորագրեցին Տնտեսական համագործակցության հարցերով Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի ութերորդ համատեղ նիստի Արձանագրությունը:
Արարողությունից հետո Ն. Երիցյանը լրագրողներին տեղեկացրեց, որ կան կոնկրետ պայմանավորվածություններ բոլոր բնագավառներում` մշակույթի, տնտեսության, արդյունաբերության, բժշկության, կրթության, զբոսաշրջության և այլն. «Կարծում ենք, լավ սկիզբ է դրված»:
Վ. Չեկանովի խոսքով, երկկողմ համագործակցությունը զարգացնելու ներուժը մեծ է: Բելառուսական կողմը շահագրգռված է Հայաստան բելառուսական տեխնիկա ներկրել, նաև հիմնել տեխնիկական սպասարկման կենտրոն: Նախարարը կարևորեց ՀՀ-ում Բելառուսի առևտրի տան բացումը, իսկ շուտով նաև Մինսկում կստեղծվի հայկական առևտրի տուն:
Ըստ Վ. Չեկանովի, Բելառուսի Սախարովի անվան էկոլոգիայի ինստիտուտում նախատեսվում է հայկան ուսանողների համար ֆակուլտետ բացել:
«Մեր ապրանքաշրջանառությունը և մեր տնտեսական կապերը դեռ չեն համապատասխանում քաղաքական հարաբերությունների այն բարձր մակարդակին, որ այսօր ձևավորվել է մեր երկրների միջև: Մենք պայմանավորվել ենք, որ ամբողջ աշխատանքը նախ և առաջ ուղղված լինի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց Վ. Չեկանովը: