28/09/2010 15:20
«Բարաք Օբաման միայն Իլհամ Ալիևի հետ է կոշտ խոսել»
«Ազադլըգը» երեկ տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կոպիտ էր խոսել: Հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին` թերթը հայտնել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպման ժամանակ Օբաման հատուկ հիշեցրել էր Ալիևին իր ելույթի այն մասը, որտեղ նշել էր, որ ինքը թշնամի է համարում հակադեմոկարտական պետությունների ղեկավարներին, ապա` ասել. «Այսօր մի կողմ նետելով մարդու իրավունքները` որոշ առաջնորդներ կարճաժամկետ կայունություն են խոստանում, վերացնում են իրենց լիազորությունների ժամկետի սահմանափակումը և անտեսում քաղաքացիական հասարակությունը…»:
«Ազադլըգ»-ը հայտնել է, որ իր տարածած այդ տեղեկատվությունը հաստատել է Սպիտակ տունը` Օբամա-Ալիև տեղի ունեցած հանդիպման մասին հրապարակած հայտարարության մեջ:
«Հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը Ադրբեջանի ղեկավարին հիշեցրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ունեցած ելույթը, և հայտնել է, որ հույս է տածում` Ադրբեջանի դեմոկրատացման և մարդու իրավունքների ընդլայնման ուղղությամբ բարեփոխումներ անցկացնելու գործում: Նա միաժամանակ Ալիևի ուշադրությանն է արժանացրել մարդու իրավունքների և ազատ արտահայտման իրավունքի իրացման հարցը` մասնավորապես շեշտելով անազատության մեջ գտնվող բլոգերներ Ադնան Հաջիզադեին և Էմին Միլլիին ազատ արձակելու կարևորությունը»,- գրում է թերթը:
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ Ալիևի հետ հանդիպման օրը Բարաք Օբաման հանդիպել է նաև Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանչեսի և Ղրղզստանի ժամանակավոր ղեկավար Ռոզա Օթունբաևայի հետ:
«Սպիտակ տան հայտարարությունից բացահայտ երևում է, որ Բարաք Օբաման միայն Իլհամ Ալիևի հետ է խոսել կոշտ տոնով»,- գրում է «Ազադլըգը»: