29/09/2010 14:20
Շնորհանդես. «Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության»
Ստամբուլի հայ համայնքը մեր օրեր է հասել` պատմական լուրջ ճանապարհ անցնելով, մեծ զրկանքներ և լուրջ կորուստներ ունենալով: «Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության» վերնագրով հեղինակած գիրքն այսօր լրագրողներին ներկայացրեց գրքի հեղինակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ գրքում օգտագործել է տեղեկատվություն ինչպես հայկական և թուրքական աղբյուրներից, այնպես էլ` իր անձնական ուսումնասիրությունները և դիտարկումները:
Մելքոնյանի խոսքով, գրքում մասնավորապես շեշտը դրված է թուրքական պետական քաղաքակության վերաբերոմունքն ազգային փոքրամասնությունների և մասնավորապես հայերի վրա:
«Թուրքիայի Հանրապետության ձևավորման տարիներին գործել է 47 հայկական դպրոց, 1970-ականներին` 32, իսկ այժմ այնտեղ գործում է ընդամենը 16 դպրոց, որտեղ սովորում է 3000 աշակերտ»,- ասաց թուրքագետը և ավելացրեց, որ այսօր ընդամենը 18 տոկոսն է հայկական համայնքում հայերեն է կիրառում, իսկ 19-24 տարեկան երիտասարդների 92 տոկոսն ընդհանրապես թուրքախոս է:
Ըստ գրքի, Ռ. Մելքոնյանը նշեց, որ հայ համայնքում խառնամասնությունների խնդիրը ցավոտ է, և այսօր դրանց թիվը հասնում է 40 տոկոսի, որը կտրուկ աճ է:
Թուրքագետը նշեց, որ համաձայն իր ուսումնասիրությունների, պոլսահայությունը 3 խմբի է բաժանված. առաջին խումբը, ըստ Մելքոնյանի, անտարբեր է ազգային, համայնքային, կրոնական խնդիրներին և նրանց ներկայությունը համայնքում սիմվոլիկ է. «Երկրորդ խումբը համակերպվող խումբն է, որ տասնամյակներ շարունակ համակերպվել և համակերպվում է թուրքական իշխանությունների տարած հալածանքներին, ոտնձգություններին և վերջին` երրորդ խումբը, շատ փոքր է, որն ամենաակտիվ խումբն է. երիտասարդներ են, ովքեր ըմբոստ են և ցանկանում են ազգային, կրոնական համայնքային փոփոխություններ, սակայն նրանք ունեն քաղաքական ձախակողմյան կողմնորոշում և պայքարում են ավելի շատ ոչ թե նրա համար, որ հայ են, այլ մարդկության իրավահավասարության համար»:
«Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության» գրքում անդրադարձ կա նաև հայոց պատրիարքությանը, Ստամբուլի հայ համայնքի փոխադարձ ընկալմանը, հայ համայնքի մամուլին, մշակույթին, գրականությանը, սպորտին, համայնքի տնտեսական կյանքին և այլն:
Նշենք, որ Ստամբուլի հայ համայնքի կյանքը, արդի վիճակը ուսումնասիրություններ իրականցնելու համար ՀՀ Սփյուռքի նախարարությունը 1 մլն դրամաշնորհ է տրամադրել, իսկ գիրքը տպագրվել է 500 օրինակով: